ՔՊ-ական իշխանությունը շատ հասկացություններ վարկաբեկեց այս տարիներին, այդ թվում «խաղաղություն» հասկացությունը: Այն դարձրեց իր վախերը թաքցնելու, իր նենգ պայմանավորվածություններն ու հակահայկական քայլերն արդարացնելու, մարդկանց մոլորեցնելու եւ հնազանդեցնելու միջոց: 5 տարի շարունակ շահարկելով մարդկանց` հավանական պատերազմից վախը եւ ոչ մի կերպ չհաստատվող խաղաղություն, 2021-ին վերարտադրվեցին, հիմա էլ ուզում են 2026-ին նույն շեշտադրումներով վերարտադրվել:
5 տարի շարունակ մեզանում ամենից շատ գործածված արտահայտությունը յուրաքանչյուր մարդու համար բաղձալի այդ բառն է` խաղաղություն, որը հիմնովին չարաշահեցին, որի անվան տակ հարյուրավոր հակահայկական ու մերժելի որոշումներ կայացրին, ստիպեցին մարդկանց հաշտվել այդ հակապետական որոշումների հետ` հանուն «բաղձալի խաղաղության»:
Բայց դա նվաստացուցիչ, անվստահելի, երեւութական խաղաղություն է, որին հասնելն այս իշխանությունը դարձրել է իդեա-ֆիքս, հանուն որի` հրաժարվելով անգամ ոչ մի վտանգ չպարունակող մեր սիմվոլներից (Արարատից), թանկ տերմիններից ու հայի հիշողությունից («Արեւմտյան Հայաստան», «Հայոց պատմություն», Հայոց ցեղասպանություն):
Տարրական բան չհասկացան, որ մեծ անբարոյականություն է հրաժարվել պապերից քեզ ժառանգություն հասած հողից, ինքնությունից, արժանապատվությունից` հանուն հորինված ու կեղծ խաղաղության: 2023-ին հենց այդ կեղծ ու անպատիվ խաղաղությունը պահելու համար այս իշխանությունը հրաժարվեց Արցախը պաշտպանելուց:
Հանուն այդ կեղծ ու երերուն խաղաղության հայտարարեցին, որ գերիների հարցերով չեն զբաղվելու, համաձայնեցին լուծարել Մինսկի խմբի ֆորմատը, հրաժարվեցին միջազգային ատյաններում հայցերից: Հիմա էլ հայտարարում են, որ արցախցիների վերադարձի թեման կարող է վտանգել «խաղաղությունը»:
Բայց յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է, որ ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում` խաղաղությունը: Ոչ մի բանի, անգամ խաղաղության համար, չարժե այդքան բարձր գին վճարել: Այն էլ` հորինված, կեղծ ու ոչնչով չամրապնդված խաղաղության համար:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ